2 Samuel 9
1 Դավիթն ասաց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ Հովնաթանի համար նրան բարերարություն անեմ»։
2 Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար։ Կանչեցին նրան Դավթի մոտ, և արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Նա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։
3 Արքան հարցրեց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ նրան Աստծու բարերարությունը ցույց տամ»։ Սիբան ասաց արքային. «Հովնաթանն ունի ոտքերից հաշմված մի որդի»։
4 Արքան ասաց. «Նա որտե՞ղ է»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա լադաբարացի Ամիելի որդի Մաքիրի տանն է»։
5 Դավիթ արքան մարդ ուղարկեց և նրան վերցրեց լադաբարացի Ամիելի որդու՝ Մաքիրի տնից։
6 Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։
7 Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև քո հայր Հովնաթանի համար քեզ բարերարություն պիտի անեմ. քո հոր հայր Սավուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, և դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։
8 Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռյալ շան վրա, ինչպիսին ես եմ, ուշադրություն ես դարձնում»։
9 Արքան կանչեց Սավուղի ծառա Սիբային և ասաց նրան. «Այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ որդուն։
10 Դու, քո որդիներն ու քո ծառաները կմշակեք նրա հողը, հացը կբերեք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան ուներ տասնհինգ որդի և քսան ծառա։
11 Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տեր արքան հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Մեմփիբոսթեն Դավթի սեղանից էր հաց ուտում, որպես արքայի որդիներից մեկը։
12 Մեմփիբոսթեն ուներ մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր։ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։
13 Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։